Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Էրդողանի աշխարհաքաղաքական պատերազմները՝ Թրամփն ու Պուտինը նրա ճանապարհին

Էրդողանի աշխարհաքաղաքական պատերազմները՝ Թրամփն ու Պուտինը նրա ճանապարհին
03.05.2017 | 10:49

Հայտնի են դառնում թուրքական ռազմաօդային ուժերի սիրիական քրդերին հարվածների մանրամասները Դերիկի մոտ ու Շանգալում, որտեղ ապրում են գերազանցապես քուրդ եզդիներ (Իրաքի Քրդստան): Այդ հարվածը հարուցեց նախ և առաջ ԱՄՆ-ի բացասական արձագանքը՝ այնտեղ հայտարարեցին Անկարայի ու Վաշինգտոնի գործողությունների չհամաձայնվածության մասին: «Օդային հարվածները կոալիցիայի հետ համաձայնեցված չէին և հանգեցրին անմեղ զոհերի ԻՊ-ի դեմ մեր պայքարի դաշնակիցների մեջ»՝ հայտարարեց պետդեպարտամենտի մամլո խոսնակ Մարկ Թոները: «Երբ ահաբեկչության դեմ պատերազմը Իրաքում ու Սիրիայում դեռ հեռու է ավարտից, նման գործողությունները միանշանակ չեն նպաստում հակաահաբեկչական ջանքերի կոնսոլիդացիային, սրում են առանց այդ էլ լարված իրավիճակը»՝ աջակցեցին ԱՄՆ գործընկերներին ՌԴ ԱԳՆ-ում:


The Washington Post-ը հաղորդում է, որ արդյունքում ԱՄՆ-ը սիրիաթուրքական սահմանագոտի ուղարկեց հրետամեքենաներ, որ սկսեցին վերահսկել սահմանը: Նրանց միացավ Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը: Ինտերնետում հայտնված որոշ տեսանյութերում երևում է՝ ինչպես են քրդերը ողջունում ԱՄՆ դրոշով հրետամեքենաները: Ի պատասխան սիրիական սահմանի մոտ կուտակվեցին թուրքական զորքեր: Hurriyet-ը գրում է, որ թուրքական բանակի ռազմական հենակետերը Հատայ նահանգի հարավում հրետակոծվեցին հարակից սիրիական տարածքից, որ Անկարան ընդունեց իբրև մարտական գործողությունները Սիրիայից Թուրքիայի տարածք տեղափոխելու ակնարկ: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստացվեց, մեղմ ասած, արտառոց իրավիճակ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Վաշինգտոնի ու Անկարայի դիմակայության, որը ևս մեկ անգամ երևան բերեց սիրիական կոնֆլիկտի բազմաշերտությունը:


Ինչո՞ւ Թուրքիան որոշեց գործել հենց այդպես ու հենց հիմա: Ի՞նչ է կատարվում կուլիսներում: Սիրիայի ռազմաբազան ԱՄՆ-ի հրթիռակոծումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վստահ էր, որ ԱՄՆ-ը ռազմական ներխուժում է սկսելու Սիրիա: Էրդողանը տեղնուտեղը կոչ արեց Դամասկոսից հեռացնել նախագահ Բաշար Ասադին, հայտարարելով, որ պատրաստ է մասնակցել այդ գործողությանը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ արեց Սիրիայում ստեղծել անցումային կառավարություն: Սակայն Վաշինգտոնը փոխեց շեշտադրումները՝ սկսեցին փիլիսոփայել, դատողություններ անել, որ կա այդպիսի «ապագա Սիրիա առանց Ասադի»: Անկարան նյարդայնությունը կոտրեց Մոսկվայի վրա: Էրդողանը սադրանքի եզրին քայլ արեց՝ պատմելով իբր թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասները, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված չէ: Reuter-ին տված հարցազրույցում նա Պուտինին վերագրեց Ասադի մասին այսպիսի տեսակետ. «Էրդողան, ինձ սխալ մի հասկացիր, ես Ասադի պաշտպանը չեմ, ես նրա փաստաբանը չեմ»: Թուրքիայի նախագահի կարծիքով՝ դա իբր «վկայում է Մոսկվայի դիրքորոշումների մեղմացումը սիրիական ճգնաժամի հարցում»: Ռուսաստանը ստիպված էր հերքում տալ: Իսկ դա Անկարայում կասկած հարուցեց՝ գուցե ամերիկացիներն ու ռուսները կարողացել են ինչ-որ հարցերում պայմանավորվել, և սիրիական հարցում ամեն ինչ միանշանակ չէ:

Թուրքիան անում է հաջորդ քայլը՝ Կատարում Վաշինգտոնի համակարգած ռազմաօդային գորոծղությունների իրականացման համատեղ կենտրոնում առաջարկում է ավիահարվածներ հասցնել սիրիացի ու իրաքցի քրդերին: ԱՄՆ-ը հրաժարվեց նման գործողություն հրահանգել: Թուրքերն իրենք իրականացրին, որով հարուցեցին թուրք-ամերիկյան ռազմական դիմակայություն Թուրքիա-Սիրիա սահմանին: Դրանից հետո Էրդողանը պատմում է իր կառավարության «լուրջ ափսոսանքի» մասին, որ ԱՄՆ զինվորականները համատեղ են գործում սիրիացի քրդերի զինված ջոկատների հետ: Չէ որ Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ: Էրդողանը պահանջում է. «Դա պետք է հենց հիմա դադարեցնել: Հակառակ պարագայում դա հետո էլ լիելու է տագնապի աղբյուր տարածաշրջանում և մեզ համար: Դա նաև անհանգստացնում է մեզ իբրև ՆԱՏՕ-ի երկու անդամների և մեր ռազմավարական գործընկերներին»: Թուրքիայի նախագահը զգուշացնում, է որ Անկարան ցանկացած պահի կարող է նոր հարված հասցնել Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին. «Մենք կարող ենք գալ անակնկալ, գիշերը, մենք չենք տեղեկացնելու ահաբեկչական խմբավորումներին մեր ծրագրերի մասին, թուրքական զինված ուժերը կարող են հայտնվել ցանկացած պահի»:

Այսինքն՝ Անկարան Վաշինգտոնին ուլտիմատում տվեց. «Դուք մե՞զ հետ եք, թե՞ քրդերի»: Եվ պատասխան ստացավ: Հիմա Էրդողանը բացատրում է, որ մայիսին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ «կփորձի փոխել նրա հայացքները քրդերին աջակցության հարցում»: Սակայն, իմ կարծիքով, ոչինչ դուրս չի գա, քանի որ թուրքական դիվանագիտությունը փակագծից դուրս է բերում ԻՊ-ի դեմ պայքարի և նախագահ Բաշար Ասադի իշխանազրկման խնդիրը՝ առաջ բերելով սիրիացի քրդերին, ում ամերիկացիները համարում են արդյունավետ դաշնակից ջիհադիստների դեմ պայքարում: Դա Անկարայի հերթական արտաքին քաղաքական սխալ հաշվարկն է Թրամփի վարչակազմի հետ համատեղ գործողությունների ռազմավարություն մշակելու հարցում, որից թուրքերը, չգիտես ինչու, սպասում էին, որ Սպիտակ տունը կփոխի քաղաքականությունը տարածաշրջանում ու կուղղի Բարաք Օբամայի «սխալ» քաղաքականությունը: Թուրքիան հասկանում է, որ խաղադրույքը սիրիացի քրդերի վրա դնելու Վաշինգտոնի քաղաքականությունը հեռանկարում կարող է հասցնել Սիրիայում քրդական ինքնավարության ի հայտ գալուն, իսկ քրդերը կդառնան բազային հենակետ տարածաշրջանում ամերիացիների համար՝ թուրքերին երկրորդ պլան մղելով: Այդ ժամանակ թուրքական տարածաշրջանային գոտին կկտրտի քրդական սեպը, որ սկզբունքորեն կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում և կարող է հանգեցնել Թուրքիայի մասնատման, մի քանի կվազիպետությունների բաժանման: Եթե իրոք ԱՄՆ նման ծրագիր ունի, պետք է մտահոգվի ոչ միայն Անկարան, այլև Թեհրանը: Մոսկվան ստիպված կլինի մանրազնին հաշվարկել իր գործողությունների տարբերակները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Անդրկովկասոմ: Էրդողանին անկյուն են քշել՝ պրոբլեմներ ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի, տարածաշրջանային տերությունների (Իրանի ու Սիրիայի):

Ինչպե՞ս է որոգայթներից դուրս գալու: Հազիվ թե առաջիկայում ռազմավարական փոփոխություններ լինեն: Նույնիսկ մայիսի 3-ին Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ Էրդողանի հանդիպումից հետո: Բոլոր դեպքերում՝ ներկա համատեղ թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժությունները, որ կարծես հարմարեցված են Սոչիի հանդիպմանը, ոչ միայն «հայկական» ուղղվածություն ունեն: Բացահայտ դա է ակնարկում Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Միթաթ Չելիկպալան: Haggin. az պորտալին տված հարցազրույցում նա ասում է, որ «Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական կապերի ուժեղացումը երկու երկրներին գործողությունների մեծ ճկունություն կտա տարածաշրջանում»: Այդ պատճառով ԻՊ-ի դեմ պայքարի փոխարեն Թուրքիայի պայքարը քուրդ «ահաբեկիչների» դեմ առանձնահատուկ անհանգստություն է հարուցում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Kremlin.ru կայքը երեկ օրավարտին հաղորդեց, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները հեռախոսել են՝ քննարկվել են միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցության ամբողջ շարք հարցեր, շեշտը դրվել է հեռանկարում սիրիական ճգնաժամի համատեքստում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի գործողությունների համակարգման վրա: Մասնավորապես՝ պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տարբերակներ որոնելու երկխոսությունը, որը թույլ կտա ամրապնդել Սիրիայում հրադադարի ռեժիմը՝ կայուն ու վերահսկելի դարձնելով: Նպատակն է նախադրյալներ ստեղծել Սիրիայում կարգավորման իրական գործընթաց սկսելու համար: Նկատի է առնվում, որ ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը օպերատիվ տեղեկություններ կհաղորդեն նախագահներին այդ ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի մասին:


Հանգամանալից քննարկվել է վտանգավոր իրավիճակը Կորեական թերակղզում: ՌԴ նախագահը զսպվածության և լարվածության թուլացման կոչ է արել: Պայմանավորվել են համատեղ աշխատանք տանել՝ նպատակաուղղված խնդրի համակարգային կարգավորման՝ դիվանագիտական հանգուցալուծումով: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կողմ են արտահայտվել հեռախոսային շփումներին, նաև անձնական հանդիպման կազմակերպմանը մեծ քսանյակի շրջանակներում՝ Համբուրգում հուլիսի 7-8-ը: Հեռախոսազրույցն անցել է գործնական և կառուցողական մթնոլորտում:
BBC-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ լավ» հեռախոսազրույց են ունեցել: «Նախագահ Թրամփը և նախագահ Պուտինը համաձայնել են, որ Սիրիայում տառապանքները չափազանց երկար են շարունակվում, և բոլոր կողմերը պետք է հնարավորն անեն, որ բռնությանը վերջ դնեն»՝ ասվում է Սպիտակ տան տեղեկատվության մեջ: Հեռախոսազրույցում քննարկվել է նաև անվտանգ գոտիների ստեղծման հնարավորությունը, որը կօգներ կայուն խաղաղության հասնել: Դեռ մինչև հեռախոսազրույցը պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ Ռեքս Թիլերսոնն ու Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ին կհանդիպեն Ալյասկայում:


ՈՒ եթե դիվանագիտական հաղորդագրությունների տողատակերը կարդանք՝ վաղը Սոչիում Էրդողանը պարտադիր Պուտինին պիտի հարցնի՝ իսկ ես ու Թուրքիա՞ն, Պուտինն էլ Էրդողանին կժպտա ու կպատասխանի՝ ես ու Դոնալդը կմտածենք: Հետո: Երբ ժամանակ ունենանք մանր խնդիրներով զբաղվելու: Մնում է, որ մայիսի 16-ին Դոնալդ Թրամփը նույն պատասխանը տա Էրդողանին Վաշինգտոնում: Այդ ժամանակ արդեն Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է կենտրոնանալ ներքաղաքական խնդիրների վրա՝ պահպանելու միասնական Թուրքիան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ